«Իսլամական պետությունը» Մոսուլում ավերել է հնագույն մզկիթ
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ավերել են Մոսուլի 14-րդ դարի մզկիթը և դամբարանը: Սա անցնող շաբաթ գրանցված նմանատիպ երրորդ դեպքն էր: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Մոսուլի բնակիչները Associated Press գործակալությանը փոխանցել են, որ Ջիրջիս մարգարեի մզկիթը և դամբարանը ռմբակոծել ու ավերել են ծայրահեղական ջիհադիստական խմբավորման անդամները: Համալիրը կառուցվել է Քուրեյշների գերեզմանատան մոտ 14-րդ
դարում: Այստեղ է գտնվում նաև Ջիրջիս մարգարեին` Սուրբ Գևորգին նվիրված դամբարանը:
Անցած շաբաթ խմբավորումն ավերել էր Սեթ և Յունուս մարգարեների մզկիթը: Ջիհադիստների կարծիքով, մզկիթները վերածվել են հավատից հետ կանգնելու վայրի, այլ ոչ թե աղոթատեղիի:
Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ եկեղեցիների և մզկիթների ռմբակոծությունները դեմ են երկնային կրոնների, մարդասիրության սկզբունքներին:
Նշենք, որ «Իսլամական պետությունը» Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի նկատմամբ իր վերահսկողությունն էր սահմանել հունիսին: Խմբավորումը Իրաքում և Սիրիայում իրենց գրաված տարածքներում հիմնել են խալիֆայություն` հաստատելով շարիաթական օրենքներ: