Շուվալով. Մաքսային միությունը 5-10 տարի անց կունենա սեփական արժույթ
Մաքսային միության երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, 5-10 տարի անց հնարավոր է միասնական արժույթ ունենան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ «Նախագահի ակադեմիայի ամառային կամպուսի» մասնակիցների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, մի քանի տարի անց կլինի միասնական էմիսիոն կենտրոն և միասնական արժույթ,-հայտնում է Ng.ru-ն:
Հիշեցնենք, որ միասնական արժույթի անցնելու նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես է եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով առաջարկել էր ձևավորվելիք Եվրասիական տնտեսական միությունում անցում կատարել մեկ միասնական արժույթի:
Այս նախաձեռնությանը հավանություն էին տվել բոլոր կողմերը, նույնիսկ որոշվել էր նոր արժույթի անունը՝ ալթըն, սակայն գործնական քայլերը շատ դանդաղ էին ընթանում: Միասնական արժույթի հարցը նոր ակտուալություն ստացավ 2014թ-ին մայիսից հետո, երբ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու համաձայնագիրը: