ԵՄ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել «Սբերբանկի» և «ՎՏԲ»–ի նկատմամբ. The Wall Street Journal
Եվրոպական միությունը պատրաստվում է ընդլայնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցները` սև ցուցակներում ընդգրկելով ևս 5 ֆիզիկական անձի ու երկու կազմակերպության: Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը:
Պարբերականի հաղորդմամբ, պատժամիջոցների տակ կարող են հայտնվել ռուսական այնպիսի խոշորագույն բանկեր, ինչպիսիք են «Սբերբանկն» ու «ՎՏԲ»-ն:
Վկայակոչելով իր անանուն դիվանագիտական աղբյուրները, թերթը գրում է, թե պատժամիջոցների գործարկման դեպքում, ռուսական նշյալ ընկերությունների լիազորությունները կտրուկ կսահմանափակվեն, սակայն չի նշվում, թե հնարավոր պատժամիջոցները կոնկրետ ինչ սանկցիաներ են ենթադրում բանկերի նկատմամբ:
Սահմանափակող միջոցները հանդիսանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ճնշման ավելացման ռազմավարության մի մասը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ ԵՄ-ի, Ռուսաստանը, շարունակում է աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի հարավ-արևելքում գործող աշխարհազորայիններին, այդպիսով խոչընդոտելով Ուկրաինայում կայունության հաստատմանը: