«Ոչ հեռու ապագայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
«Ինչպես գիտեք, Միացյալ նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, որը միջնորդում է այս հակամարտությանը և համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում՝ կողմերի հետ հետագա քայլերը քննարկելու համար: Մենք հույս ունենք, որ ոչ շատ հեռու ապագայում տեղի կունենա նաև նախագահների միջև հանդիպում»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը` պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ստատուս քվոն ինչի՞ հաշվին է այսօր պահպանվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիվերսիոն գործողությունները սահմանին ավելի են շատանում:
Նրա խոսքերով` համանախագահների ուղերձը շատ հստակ է և շատ հետևողական. «Այս հակամարտության լուծման համար կա միայն մեկ ճանապարհ և դա խաղաղ բանակցային լուծումն է»:
Դեսպանը միաժամանակ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմական հռետորաբանությունը և դատապարտում հրադադարի խախտումները, և իրենց վշտակցությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են շփման գծում և միջազգային սահմանի մոտ տեղի ունեցող միջադեպերի պատճառով:
«Պետքարտուղար Քերին վերահաստատել է մեր հանձնառությունը՝ այս հակամարտությանը խաղաղ բանակցային լուծում հաստատելու ճանապարհին»,- ասաց դեսպանը: