Ֆրանսիան Լիբիայից տարհանել է իր և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ Լիբիայից տարհանել է իր և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, քանի որ արաբական այս երկրում իրավիճակը գնալով վատթարանում է:
BBC-ի` Ֆրանսիայի դիվանագետական ծառայությունում ունեցած աղբյուրը փոխանցել է, որ նավով տարհանվել է Ֆրանսիայի 40 քաղաքացի, այդ թվում` դեսպանը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի 7 քաղաքացի: Ֆրանսիան միաժամանակ փակել է Տրիպոլիում իր դեսպանատունը:
Քաղաքացիներին տարհանելու լուրը հաստատել է նաև Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Ստեֆան Լե Ֆոլը:
«Այսօր քննարկվել է ֆրանսիացիների` հայրենիք վերադառնալու հարցը»,-լրագրողներին հայտնել է Լե Ֆոլը:
Նշենք, որ անցած շաբաթ իրենց դիվանագիտական անձնակազմին Տրիպոլիից տարհանել են նաև ԱՄՆ-ն ու Թուրքիան: Լիբիայից հեռանալու կոչով իրենց քաղաքացիներին դիմել են Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, իսկ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ իր անձնակազմին դուրս կբերի այս շաբաթ:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Մուամար Կադաֆիի վարչակարգի տապալումից հետո Լիբիայում բախումներ սկսվեցին տարբեր խմբավորումների միջև, իսկ ձևավորված կառավարությունը չկարողացավ իր վերահսկողության տակ պահել իրավիճակը: Վերջին շաբաթների ընթացքում թեժ մարտեր են ընթանում Լիբիայում «Զինտանի բրիգադներ» խմբավորման անդամների, ովքեր աջակցում են շնորհազրկված գեներալ Խալիֆ Հաֆթարին, և իսլամիստական խմբավորումների միջև, որի ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել 400-ը: