ԵՄ-ն լրացուցիչ 50 մլն եվրո կտրամադրի Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու համար
Եվրոպական հանձնաժողովը Սիրիայի հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար լրացուցիչ 50 մլն եվրո կհատկացնի: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստակայանը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Այս տարվա համար Սիրիային հատկացվող հումանիտար օգնության ծավալը կկազմի 150 մլն եվրո, որն ուղղվելու է առավել խոցելի շերտին:
Ըստ ԵՄ գործադիր մարմնի` նախատեսվում է նաև մեծացնել Սիրիայի հարևան այն երկրներին ցուցաբերվող օգնությունը, որոնք կիսում են «փախստականների աննախադեպ հոսքը»:
«Փախստականների համար 125 մլն եվրոն որպես ֆինանսական պարտավորություն ավելացվելու է 75 մլն եվրոյին, որն արդեն հատկացվել է Եվրոպական հարևանության մեխանիզմի շրջանակում: Սիրիայի հակամարտությունը աշխարհի ամենախոշոր հումանիտար ճգնաժամերից է` 9.3 մլն մարդ երկրի ներսում, իսկ ևս 2.8 մլն-ը` հարևան երկրներում հրատապ կենսական աջակցության կարիք ունի»,-ասվում է հայտարարության մեջ: