ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղակիորեն աջակցում է ՌԴ-ն
2014թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, դիվերսիոն գործողությունները և դրանց հետևանքով մահացությունների թիվը: Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որում նշվում է, որ զուգահեռաբար, հակամարտության գոտում կտրուկ աճել են սպառազինությունների ծավալը և մրցավազքը:
«Այս գործընթացին ուղղակիորեն աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը, որն ավելի քան 3 միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանի Հանրապետությանը: Ի պատասխան, հայկական կողմը, թեև փոքր ծավալներով, սակայն փորձում է հավասարակշռել իրավիճակը: Ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական սկզբունքներից մեկը` հակամարտության լուծման խաղաղ ճանապարհը, վտանգված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի վտանգավոր քաղաքականության պատճառով:
Հաշվի առնելով, որ իրադարձությունների զարգացումը սպառնալիքներ է պարունակում ոչ միայն մարդու իրավունքներին, այլև տարածաշրջանում բնակվող մարդկանց խաղաղության իրավունքին՝ գտնում ենք, որ միջազգային հանրությունը, հանձինս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը անկախատեսելի զագացումներից զերծ պահելու համար:
Այդ նպատակով դիմում ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կառույցներին և նրանց ներկայացուցիչներին՝ հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը սպառնացող գործընթացների և պատերազմի սպառնալիքների կանխարգելման ուղիների հստակեցման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: