Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել
Նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծակի մահվան» մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Կարեն Պետրոսյանը մահացել է գիշերվա ընթացքում ադրբեջանցի զինվորականների կտտանքների հետևանքով: Ասել է թե՝ Ադրբեջանի ՊՆ-ում նրան սպանել են:
Ադրբեջանում Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին ներկայացնում էին որպես հետախույզ: Անգամ երեկ գիշեր տեսանյութ էր տարածվել, որտեղ իբր հարցաքննում էին Կարեն Պետրոսյանին: Տեսանյութից ընդամենը պարզ էր դառնում, որ նա լուրջ կտտանքների է ենթարկվել և դրական պատասխաններ է տալիս ադրբեջանցի զինվորականների հրամայական հարցերին:
Հայկական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կարեն Պետրոսյանը Չինարի գյուղի բնակիչ էր և երեկ մեկնել էր գյուղի հարևան անտառ՝ փայտ բերելու: Ըստ ամենայնի` Պետրոսյանը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Սա հաստատվում է նաև ադրբեջանական ԶԼՄ-ների սկզբնական տեղեկություններով:
Մասնավորապես Haqqin.az-ը նշել էր, որ Կարեն Պետրոսյանը թակել է Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել: Դրանից հետո նրան գյուղացիները բռնել էին և հանձնել զինվորականներին:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ տեղեկատվության համաձայն՝ նա մահացել է Բաքվում, իսկ դիահերձումը կատարում են Գյանջայում:
Նախորդող`
ՀՀ ԱԳՆ պաշտոնյան գերի ընկած Կարենի մահվան մասին. «Բարբարոսությունը սահմաններ չունի»
Ադրբեջանական լուրեր. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծակի մահացել է»
ՊՆ. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնելը վատ սարքած շոու է