ԱՄՆ-ն հրաժարվել է Ադրբեջանին վաճառել Աֆղանստանից դուրս բերված զինտեխնիկան
ԱՄՆ-ն հրաժարվել է Ադրբեջանին վաճառել Աֆղանստանից դուրս բերված «Cougar» և «HMMWV» ռազմատրանսպորտային միջոցները: Այս մասին հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Աղբյուրը գրում է, որ թեև ակնկալվում էր, որ այդ տրանսպորտային միջոցները ներառվելու են Ադրբեջանի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումներում, ԱՄՆ-ն մերժել է դրանք վաճառելու վերաբերյալ Ադրբեջանի դիմումը:
Այդ որոշումն ամերիկյան կողմը պատճառաբանել է հակամարտող երկրներին զենք վաճառելու պաշտոնական Վաշինգտոնի սահմանած էմբարգոյի առկայությամբ: Նշվում է, որ ադրբեջանական խաղաղապահ բրիգադում կօգտագործվեն հակաականային պաշտպանական համակարգով հագեցած տեղական արտադրության «Matador» և «Marauder», ինչպես նաև թուրքական արտադրության «Cobra» զրահամեքենաներ:
Հիշեցնենք, որ 2009-2013թթ.-ի ընթացքում Ադրբեջանը դարձել է Եվրոպայում երկրորդ ամենաշատ սպառազինություն ներմուծող երկիրը Մեծ Բրիտանիայից հետո: Ադրբեջանը հիմնականում սովորական սպառազինություն է գնում Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից, Թուրքիայից, Հարավային Աֆրիկայից և ԱՄՆ-ից:
Վերջին 4 տարում ներմուծված սպառազինության 80%-ը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից: Համարվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին հիմնականում կապի միջոցների և ռադարային համակարգերի բարելավման հարցում: