Սահմանային միջադեպերի հետ կապված ԱՄՆ դեսպանի ուշացած ուղերձը (տեսանյութ)
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ուշացած տեսաուղերձ է հղել սահմանային միջադեպերի հետ կապված: Ուղերձում դեսպանը խոսում է հայերեն:
«Կրկին հայտնում ենք մեր կարեկցանքը վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների ընտանիքներին և վիրավորներին: Ինչպես նշեց դեսպան Ուորլիքը՝ սա սառեցված կոնֆլիկտ չէ: Թե այստեղ, թե Բաքվում մենք կոչ ենք անում բոլորին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ լարվածության նվազեցման և հրադադարը հարգելու համար: Սպառնալիքները և կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի:
Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ: Հաշվեհարդարը և հետագա բռնությունները ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհը:
Զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցն է դադարեցնել բախումները հենց հիմա»,-ասված է ուղերձում:
Panorama.am-ի հարցին, թե` իսկ ինչու է դեսպանը օգոստոսի սկզբների սահմանային միջադեպերի մասին խոսում հիմա, ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից հայտնեցին, որ սա դեսպանի հերթական ուղերձն է. «Դեսպանը և լարված ժամանակահատվածում, և հիմա, երբ սահմանային վերջին լարվածությունը հանդարտվել է, շարունակում է խոսել արդիական այս խնդրի մասին»: