Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնել է Վրաստանի նախագահին
Նախօրեին Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահի նստավայրում, Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանը հավատարմագրերը հանձնել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն է մաղթել նրան և համոզմունք հայտնել, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի դեսպանը վստահեցրել է, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:
Երկուստեք անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերություններին՝ զրուցակիցները քննարկել են դրանց հետագա զարգացման հնարավորությունները՝ այդ համատեքստում կարևորելով բարձ մակարդակով ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությունը: