Սերժ Սարգսյան. Իշխանության խնդիրը լուծվում է ընտրություններով
«Բազե 2014» երիտասարդական հավաքի փակման արարողությանը Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև «Ա1+»-ի հարցերին: Հարցերից մեկը վերաբերում էր ոչ իշխանական քառյակի այն հայտարարությանը, թե աշունը թեժ է լինելու և տեղի է ունենալու միասնական հուժկու հանրահավաք: Մասնավորապես, ՀԱԿ-ի պահանջներից մեկը մնում է անփոփոխ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Լսելով այս դիտարկումը Սերժ Սարգսյանը զարմացավ. «Իշխանության խնդիրը լուծվում է ընտրություններով, այլ տարբերակները օրենքից դուրս են, դուք նման մի տարի հիշում եք, որ ընդդիմությունը չխոստանա թեժ աշուն, հանրահավաքները, բողոքի ակցիաները թող լինեն, ես դեմ չեմ, կարևորը, որ դրանք տեղի ունենան օրենքի տառին համապատասխան»:
«Ա1+»-ի մյուս հարցը վերաբերում էր «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժմանը և կենսաթոշակային բարեփոխումներին, մասնավորապես՝ կառավարության ներկայացրած վերջին փոփոխություններին, որոնք դարձյալ չեն գոհացրել նախաձեռնության անդամներին. «Դուք գիտեք, ես կողմ եմ այդ բարեփոխումներին: Մենք հարգում ենք նաև այլ կարծիքներ և դրանք իրենց ազդեցությունը ունենում են: Չնայած որ կարծիքն էլ հաշվի ենք առնում, միևնույն է՝դժգոհողներ լինում են, ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում արվի և արագ որոշումներ կայացնելու համար մահակ պետք չէ»: