Սուրեն Սուրենյանցը՝ նորաստեղծ կուսակցության և Լևոն Տեր-Պետրոսյանի փաստաբանության մասին (տեսանյութ)
«Հնարավոր էի համարում, որ քաղաքական ասպարեզում կլինի ազատական դաշտի համախմբում, սակայն կոնսոլիդացիա տեղի չունեցավ: Այդ պատճառով հայտարարում եմ նոր կուսակցության՝ «Նոր ազատական» ստեղծման մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը:
Նա ասաց, որ պատահական չի ընտրել նոր կուսակցության ստեղծման մասին հայտարարելու օրը՝ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հնչակագրի ընդունման օրը, և պատահական չի լինելու նաև կուսակցության առաջին համագումարի օրը՝ սեպտեմբերի 21. «Հայաստանում ամենավարկաբեկվածը ազատականությունն է ու անկախությունը: Նոր կուսակցությունը երկու հայտ է ներկայացնում՝ ազատականություն, անկախության պահպանություն»:
Նա նշեց, որ կարևոր չէ, թե քանի անդամ կունենա կուսակցությունը, կարևոր է լինի գաղափարական:
Ս. Սուրենյանցն ասաց, որ նորաստեղծ կուսակցությունը որևէ պարագայում չի կարող համագործակցել Կոմկուսի հետ, քանի որ այն տոտալիտար կուսակցություն է, դժվար է պատկերացնում լուրջ համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, մաքսիմալիստական մոտեցումների և սոցիալիստական ուղղվածության համար՝ «Ժառանգության», քանի որ մենյուն չի կարողանում հասկանալ, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի:
«ՀԱԿ-ի հետ իմ ապահարզանը տեղի է ունեցել երեք-չորս տարի առաջ անկախ նրանից, որ խորին ակնածանք ունեմ առաջին նախագահի հանդեպ: ՀԱԿ-ն իմ կենսագրության ամենալուսավոր ու ամենատխուր էջն է: Եթե երկրի առաջին նախագահը իրեն զգում է հարուստ կլիենտի կողմից քցված մատուցող, ես շատ վատ եմ զգում: Ես մեծ սիրով ու հաճույքով պարեբարաբար շփվում եմ Ծառուկյանի հետ, դրա իրավունքն ունեմ, ի տարբերություն առաջին նախագահի: Ես ավելորդ պարտավորություններ չունեմ հասարակության առջև: Առաջին նախագահն, եթե իր ստատուսն ու կարգավիճակը չի պատկերացնում ու փաստաբանություն է անում որևէ օլիգարխի, անկախ անձից, շատ տխուր է»,- ասաց նա:
Ս. Սուրենյանցի խոսքով, նորաստեղծ կուսակցությունը դաշնակիցներ կարող է ունենալ ՀՀՇ-ից, «Ազատություն», «Հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հետ:
Նա նշեց, ցանկանում է, որ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում ազատական դաշինք ձևավորվի, բայց հակառակ պարագայում ստիպված կլինեն մասնակցել առանձին: