Դեսպան. Ղազախստանում շատ բարեհաճ են վերաբերվում Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությունը
Ղազախստանը դրական է տրամադրված Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը՝ ընդգծելով, որ գործընթացն ընդամենը տեխնիկական բնույթի է, և ոչ մի ձգձգում չկա:
«Ղազախստանում շատ բարեհաճ են վերաբերվում Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությունը: Ղազախստանի նախագահը ստորագրել է անդամակցության ճանապարհային քարտեզը, այնպես որ որևէ հակասություն և հակազդեցություն չկա: Տեխնիկական գործընթացը ժամանակ է պահանջում: Նախ ընթանում են փաստաթղթերի համաձայնեցման փուլը և այլ ընթացակարգեր, հիմա Հայաստանի անդամակցության համաձայնագիրը քննարկման է դրված Մաքսային միության հիմնադիր պետությունների կառավարություններում», - վստահեցրել է դեսպանը:
Հարցին, թե ինչու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ հայտարարելով, թե Աստանան կստորագրի Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կցելով դրան հատուկ կարծիք, Ղազախստանի դեսպանը պատասխանել է որ Ղազախստանը ոչ մի հավակնություն չունի և նախագահն ինքն է ստորագրել ճանապարհային քարտեզը:
«Գագաթաժողովն ընթանում էր Աստանայում, և համակարգողը, բնականաբար, Ղազախստանի նախագահն էր, դրա համար էլ նա էր ստացել նամակը»,- մեկնաբանել է Բոզժիգիտովը:
Անդարադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության ընդլայմանը և Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներին. «Եվրասիական տնտեսական միությունը ունի ապագա: Այն երեք պետությունների միություն է, ապագայում ևս մի քանի պետություն կմտնի: Դուք գիտեք, որ ցանկություն են հայտնել նաև Հայաստանը, Ղրղըզստանը, աշխատանքներ են տարվում նաև ավելի խոշոր երկրների հետ, այդ պատճառով ԵՏՄ-ն շատ մեծ ապագա ունի: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք միջանցիկ խնդիրներ են, որ կորոշվեն: Բնականաբար, Ղազախստանը դեմ է բոլոր տեսակի պատժամիջոցներին»:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ տեղադրելու մասով Բոզժիգիտովը շեշտել է, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնում իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով:
Կարդացեք նաև՝
Ն.Նազարբաև. ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության հարցը նախատեսվում է լուծել հոկտեմբերի 10-ին