ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական պատգամավորները հանդիպել են. նրանք կդիմեն ՍԴ
Այսօր ԱԺ ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամները հանդիպել են, քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի հակասահմանադրական ճանաչման պահանջով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցով համապատասխան դիմում են պատրաստում:
«Խնդրի հետ կապված մյուս մեր քաղաքական գործընկերը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», իրենց հայտարարություններով կարծես այդքան էլ այդ քայլը չեն ընդունել: «Բարգավաճ Հայաստան»-ն ավելի հակված է դրան գնալ: Դա է խնդիրը, որ երկուսով ենք հանդիպել»,- ասաց Ա. Ռուստամյանը
Հանդիպմանը, ըստ նրա, քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր. «Այս հարցի հետ կապված առայժմ միասնական դիրքորոշում չկա: Մենք մեր տեսակետներն ունենք: Մենք մեր գործընկերներին ներկայացրել ենք մեր հիմնավոր մոտեցումները կապված փոփոխություններին կողմ լինելուն, բայց այն ուղղվածությամբ, որը մեզ համար ընդունելի կլինեն»:
ՀՅԴ-ական պատգամավորը հավելեց, որ փոփոխությունները պետք է ունենան հստակ, հիմնարար տրամաբանություն, կառավարման համակարգը պետք է փոխվի խորհրդարանականի, բայց իրենց պատկերացրած մոդելով, այլապես փոփոխությունները կլինեն ինքնանպատակ:
Ա. Ռուստամյանն ասաց, որ այսօր առաջնային է նաև սահմանապահ գյուղերին արտոնյալ կարգավիճակ տալու հարցը, պետք է հստակեցվի, որոնք են դրանք ու համաձայնեցվի դրանց տրվող արտոնությունների ծավալը:
«Հիմա մենք աշխատում ենք, որ ծավալը լինի ամբողջական, բավարարի այն պահանջներին, որոնք մենք սահմանապահ գյուղեր այցելությունների ժամանակ ունեցել ենք: Նախնական առաջարկություններ ձևակերպել ենք ու ուղարկել կառավարությանը, բայց մեր ու կառավարության մոտեցումներն այս պահին համադրված չեն, հայտնի չէ՝ ինչ ծավալով մեր առաջարկները կընդունվեն»,- նշեց պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝
Հայտնի չէ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՍԴ ներկայացվելիք նոր դիմումին քառյակից որ ուժերը կմիանան