Վլադիմիր Պուտինը դրական է որակել Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել նախօրեին Մինսկում շուրջ 2 ժամ տևած երկկողմ հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին տեղեկացնում է «Լենտա.ռու» կայքը, վկայակոչելով հանդիպումից հետո լրագրողների հետ Պուտինի ճեպազրույցը:
ՌԴ նախագահի խոսքերով, հանդիպման ժամանակ չի քննարկվել Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում կրակի դադարեցման պայմանները:
«Ռուսաստանը չի կարող խոսել որևէ պայմաններից, Կիևի, Դոնեցի և Լուգանսկի միջև հնարավոր պայմանավորվածություններից: Մենք ընդամենը կարող ենք նպաստել կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը չափազանց անհրաժեշտ բանակցային գործընթացում: Մենք այդ հարցն ենք քննարկել», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հայտարարել է Մինսկում ձեռք բերված այն պայմանավորվածության մասին, համաձայն որի Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը կվերսկսի աշխատանքները արյունահեղությունը կանխելու նպատակով: Առաջիկա հանդիպումը նախատեսված է անցկացնել Մինսկում արդեն այս շաբաթ: Պուտինի խոսքով, կողմերը կարևորել են նաև Լուգանսկին և Դոնեցկին հումանիտար օգնություն հատկացնելու անհրաժեշտությունը:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել, թե Պորոշենկոյի հետ հանդիպմանը շոշափվել է նաև գազային հարցը, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել վերսկսելու «էներգետիկայի շուրջ երկխոսությունը», հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ բանակցություններն այդ ուղղությամբ «շարունակում են գտնվել փակուղում»:
Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից ձերբակալված ռուս դեսանտայինների հարցը, նշելով, թե այդ առնչությամբ ամփոփ տեղեկատվության չի տիրապետում, սակայն որքանով տեղյակ է «նրանք սահմանային պահպանության ծառայություն են իրականացրել և հնարավոր է՝ հայտնվել են ուկրաինական տարածքում: Պուտինը, հիշատակելով Ռուսաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ ուկրաինական զինվորականների հայտնվելու փաստը, հույս է հայտնել, թե խնդիրներ չեն առաջանա:
Նշենք, նախօրեին Ուկրաինայի ԱԱԾ-ն հրապարակել էր երկրի տարածքում ձերբակալված ռուս դեսանտայինների հետ հարցազրույցներ, որում գերեվարված զինծառայողները հաստատում են Ուկրաինայում աշխարհազորայինների շարքերում ռազմական գործողություններին մասնակցելու փաստը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում