Ֆրանսուա Օլանդ. Ռուսական զորքի առկայությունն Ուկրաինայում անթույլատրելի է
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անթույլատրելի է համարել ռուսական զորքերի առկայությունն Ուկրաինայում: «ԲիԲիՍի» ռուսական ծառայության հաղորդմամբ, ավելի վաղ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետն հայտարարել էր, թե ռուս զինծառայողները մասնակցում են Նովոազովսկ քաղաքի մոտ ընթացող մարտերին:
Բացի այդ, աշխարհազորայինների առաջնորդներից Ալեքսանդր Զախարչենկոն լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ աշխարհազորայինների կողմից ուկրաինական զորքերի դեմ պատերազմում են Ռուսաստանից ժամանած կամավորներ:
«Մեր մայրցամաքում ընթանում է սառը պատերազմից հետո թերևս ամենալուրջ ճգնաժամերից մեկը: Ֆրանսիայի դիրքորոշումն հետևյալն է. Ռուսաստանը պետք է հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը, դադարեցնի աջակցությունն անջատողականներին և համոզի նրանց ընդունել հրադադարի պայմանները: Ռուսաստանը պետք է արդյունավետորեն վերահսկի իր սահմանները, և եթե տեղեկություններն այն մասին, թե ռուս զինծառայողները գտնվում են Ուկրաինայում, հաստատվեն, դա անթույլատրելի կլինի»,- ասել է Օլանդը: