Անգելա Մերկելը պարզաբանումներ է պահանջել Վլադիմիր Պուտինից
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի իշխանություններից պարզաբանումներ է պահանջել Ուկրաինայի տարածքում հայտնված ռուս զինվորականների փաստի առնչությամբ: Այս մասին, «Deutsche Wellе» գործակալության հաղորդմամբ, ասել է Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, մանրամասներ տրամադրելով նախօրեին Անգելի Մերկելի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից:
«Մերկելն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության պատասխանատվությունը իրավիճակի կայունացման և իր սահմաններին վերահսկողությունն ապահովելու հարցում», - ասել է Զայբերտն ու հավելել, թե կանցլերն անհրաժեշտ է համարում ընդլայնել ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի աշխատանքները՝ սահմանների հուսալի պաշտպանության ապահովման նպատակով:
Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Պուտինը Անգելա Մերկելին տեղեկացրել է Ուկրաինայի արևելյան շրջաններ նոր մարդասիրական օգնություն ուղարկելու մտադրության մասին: Բացի այդ, Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը կողմ են հանդես եկել Ուկրաինայում արյունահեղության շուտափույթ դադարեցմանն ու Մինսկում ԵՄ-Մաքսային Միություն-Ուկրաինա ձևաչափով կայացած բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:
Հիշեցնենք, օգոստոսի 26-ին Ուկրաինայի ԱԱԾ-ն հրապարակել էր երկրի տարածքում ձերբակալված ռուս դեսանտայինների հետ հարցազրույցներ: Գերեվարված զինծառայողները հաստատել էին Ուկրաինայում աշխարհազորայինների շարքերում ռազմական գործողություններին մասնակցելու փաստը: Ռուսական կողմը ուկրաինական տարածքում իր զինվորների հայտնվելը «պատահականություն» էր համարել: