Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չեղյալ է հայտարարել Թուրքիա ծրագրված այցը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր չեղյալ է հայտարարել Թուրքիա ծրագրված իր այցն ու Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել: Այս մասին, ինչպես փոխանցում է «Ունիան» գործակալությունը, տեսաուղերձով հայտարարել է անձամբ Պորոշենկոն, իր որոշումը բացատրելով Դոնբասում իրավիճակի կտրուկ վատթարացմամբ:
Ուկրաինական կողմի համաձայն, ռուսական կանոնավոր բանակը ուկրաինական ճգնաժամից ի վեր առաջին անգամ հատել է երկու երկրների միջև պետական սահմանն ու ներխուժել երկրի տարածք:
«Segodnya.ua» կայքի փոխանցմամբ, ռուսական կանոնավոր բանակի կողմից ուկրաինական սահմանը հատելու փաստը հաստատել էին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության խորհրդում:
Տեղեկատվության համաձայն, օգոստոսի 28-ի լույս գիշերը ՌԴ տարածքից երկու գումարտակային-մարտավարական խումբ հատել է Ուկրաինայի սահմանը և զբաղեցրել Նովոազովսկ քաղաքն ու հարակից մի քանի բնակավայրեր:
Այս առնչության արված իր հայտարարության մեջ Պորոշենկոն նշել է, թե Ուկրաինան դիմել է իր եվրոպացի գործընկերներին՝ Եվրոպական միության խորհրդի արտահերթ նիստ գումարելու խնդրանքով: