Եվրամիության արտաքին քաղաքականությունը վստահվեց Իտալիայի ներկայացուցչին
Իտալիայի արտգործնախարար ֆեդերիկա Մողերինի ստանձնել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը՝ փոխարինելով Քեթրին Էշտոնին: Ինչպես տեղեկացնում է «Euobserver.com» կայքը, այս մասին հայտնի է դարձել շաբաթ օրը Բրյուսելում կայացած քվեարկության արդյունքներով:
Ֆեդերիկա Մողերինին Իտալիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել էր սույն թվականի փետրվարից, և Իտալիայի կողմից Եվրամիության նախագահությունը ստանձնելուց ի վեր, նրա թեկնածությունը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցչի պաշտոնում դիտարկվում էր գլխավորների շարքում: Այնուհանդերձ, կազմակերպությունում միասնական ընկալում չկար նրա թեկնածության հարցում: Մտահոգությունների առիթ էին հանդիսանում ինչպես Մողերինիի բարձր պաշտոններ զբաղեցնելու փորձի պակասությունը, այնպես էլ վերջինիս ենթադրյալ «ռուսամետ» մոտեցումներն ուկրաինական ճգնաժամին, որը փորձագետների կարծիքով, առավելապես ընկալվում էր նրա ներկայացրած երկրի՝ Իտալիայի դիրքորոշման համատեքստում:
Մողերինիի թեկնածությանը ակտիվորեն ընդդիմացել են Բալթյան երկրների, ինչպես նաև Լեհաստանի ներկայացուցիչները, որոնք առավել արմատական դիրքերից են հանդես գալիս Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները ձևավորելու հարցում:
Մողերինիի պրոռուսական մոտեցումները վկայակոչող գործիչներն առավել հաճախ հիշատակում էին հուլիս ամսին նրա՝ Իտալիայի ԱԳ նախարարի կարգավիճակով այցը Մոսկվա և դրան հաջորդած հայտարարությունները, թե Ուկրաինայի և Եվրամիության միջև բանակցություններին պետք է ընդգրկել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին:
Արդեն պաշտոնը ստանձնելուց հետո Բրյուսելում շաբաթ երեկոյան Մողերինին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ուկրաինայի հարցում իրենք աշխատում են «պատժամիջոցների մակարդակում, սակայն պետք է բաց պահել դիվանագիտական կարգավորման հնարավորությունները ևս», հույս հայտնելով, թե նման համադրումը արդյունավետ կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին