Պեսկովը պարզաբանել է Դոնբասի «պետականության» վերաբերյալ Պուտինի հայտարարությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները «Ուկրաինայի արևելյան շրջանների պետականության» մասին: Պեսկովի դիտարկմամբ, Վլադիմիր Պուտինը ընդամենը խոսել է Ուկրաինայի ներսում ընդգրկուն բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, որոնցում պետք է հաշվի առնվի արևելյան շրջանների ձայնը, և որ նախագահ Պուտինը բոլորովին նկատի չի ունեցել արևելյան Ուկրաինայի ինքնուրույնության կամ պետականության հարցը: Այս մասին գրում է «գազետա.ռու» կայքը:
«Այդ բանակցությունները պետք է անցկացվեն Ուկրաինայում, վերաբերվեն ներուկրաինական քաղաքական կառուցվածքին այնպես, որպեսզի երկրի արևելյան շրջանների, Նովոռուսիայի շահերը հաշվի առնվեն. թե ինչպես, ինչքանով և ինչ մեխանիզմների գործադրմամբ և այլ: Նախագահը սա է ի նկատի ունեցել», - ասել է մամուլի քարտուղարը:
Պեկսովը նշել է, թե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ անհնար է պայմանավորվածություն ձեռք բերել հակամարտության կարգավորման հարցում, քանի որ հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չէ, այլ ներուկրաինական է:
Պատասխանելով Ուկրաինայի արևելյան շրջանների պետականության մասին հարցին, Պեսկովը ասել է, թե «Նովոռուսիան պետք է մնա Ուկրաինայի կազմում և դրա կարգավիճակը պետք է որոշվի ուկրաինական իշխանություններ կողմից՝ ընդգրկուն բանակցությունների ճանապարհով»:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե Կիևի և Դոնբասի միջև պետք է անհապաղ բանակցություններ սկսվեն:
«Անհրաժեշտ է անհապաղ և բովանդակային բանակցություններ սկսել Կիևի և Դոնբասի միջև, սակայն ոչ թե տեխնիկական, այլ Ուկրաինայի հարավարևելյան շրջանների քաղաքական կառուցվածքի և պետականության հարցերի շուրջ՝ այնտեղ ապրող բնակչության օրինական իրավունքների ապահովման նպատակով»: