Եռյակի վերածվելու հավանականությունը չափազանցված է. Ռուստամյան
«Սահմանադրական բարեփոխումների մասով տեսակետներ ենք փոխանակել, ամեն մեկը, բնական է, պետք է հարգի մյուսների տեսակետները: ՀՅԴ-ն կողմ է բարեփոխումներին, մյուսները` դեմ»,- քառյակի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով` քաղաքական ամեն ուժ ազատ է իր դիրքշումներն ազատ արտահայտելու մեջ:
Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգին, ապա այն, ըստ դաշնակցական պատգամավորի, բավականին հագեցած էր և ուշադրության կենտրոնում եղել է նաև «կուտակայինի» հարցը:
«Քառյակը որոշել է դիմել Սահմանադրական դատարան, բայց ժամկետը դեռ որոշված չէ»,- տեղեկացրեց Ա.Ռուստամյանը:
Քննարկված հարցերի թվում անդրադարձ է եղել նաև «Նաիրիտ»-ին, որի խնդիրը քննարկելու համար քառյակը որոշել է նախաձեռնել ստեղծել հանձնաժողով:
Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ նման նախաձեռնությամբ ժամանակին հանդես եկել են, սակայն մերժվել. «Որոշել էինք, որ աշնանը պետք է հետամուտ լինենք այս հարցին և հանդես կգանք առաջարկով»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ համաձայնեցվել է նաև նամակի այն տեքստը, որով պետք է դիմեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ` արտագաղթի խնդրին նվիրված խորհրդարանական լսումներ հրավիրելու համար:
«Արտագաղթի թվերը աղետալի չափերի են հասնում, այն սպառնում է երկրի անվտանգությանը: Եվ ստեղծված իրավիճակը մտահոգում է ոչ միայն քաղաքական ուժերին, հասարակությանը, այլև սփյուռքի լայն շրջանակներին: Բացի այս, լսումների միջոցով կփորձենք նաև նախկինում ներկայացրած 12 կետերի նախնական ամփոփումն անել, իսկ սեպտեմբերի 30-ին կներկայացնենք ամբողջական ամփոփումը»,- ընդգծեց պատգամավորը:
Վերադառնալով քառյակի եռյակ վերածվելու հավանականության մասին շրջանառվող լուրերին` Ա.Ռուստամյանը նշեց, թե դրա հավանականությունը չափազանցված է:
«Մենք համաձայնության ենք եկել և մեր սկզբունքները չեն փոխվել: Յոթ կետով համաձանել ենք ` 12 կետը դարձավ 7 կետ: Քառյակը համաձայնության է եկել միայն այս կետերի շուրջ, բացի Սահմանադրական բարեփոխումներին վերաբերող կետից, բայց դա չի նշանակում, թե քառjակը լուծարվում է»,- հավելեց Ա.Ռուստամյանը: