«Ալ-Կաիդան» Սիրիայում և Իրաքում կռվող իր «եղբայրներին» կոչ է արել միավորվել ԱՄՆ-ի դեմ պայքարում
«Ալ-Կաիդայի» երկու առանցքային ճյուղերը Սիրիայում և Իրաքում կռվող ջիհադիստներին կոչ են արել միասնական ճակատ կազմել ԱՄՆ-ի ներքո ձևավորվող հակաահաբեկչական կոալիցիային հակազդելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով France Presse գործակալությանը:
«Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» և «Ալ-Կաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» կազմակերպությունները համատեղ հայտարարությունում Իրաքում և Սիրիայում կռվող իրենց եղբայրներին «կոչ են արել դադարեցնել միմյանց սպանել և միավորվել ամերիկյան արշավի ու նրա չար կոալիցիայի դեմ, որը սպառնում է իրենց»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրեր առաջ ներկայացրել էր «Իսլամական պետության» դեմ պայքարելու ռազմավարությունը, ըստ որի խմբավորմանը հնարավոր է ոչնչացնել օդային հարվածների օգնությամբ, ինչպես նաև Իրաքի անվտանգության ուժերի ու Սիրիայի չափավոր ընդդիմության ամրապնդմամբ: ԱՄՆ-ն այս նպատակով սկսել է միջազգային կոալիցիա ձևավորելու աշխատանքները: