Կառավարությունը դեմ չի սահմանամերձ գյուղերին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրել
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության համար ընդունելի կլինի, եթե հեղինակի կողմից ընդունվեն փաստաթղթի վերաբերյալ գործադիրի չորս առաջարկները: Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում:
Այն հանգամանքը, որ պետական բյուջեից անհրաժեշտ է լրացուցիչ գումարներ հատկացնել սահմանամերձ գյուղերին օգնելու համար, կառավարությունը ոչ վիճարկում է և ոչ էլ ժխտում կամ դրա դեմ առարկում: Օրենսդրական նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծի չորս կետերից երեքով առաջարկվում է փաստաթղթում խմբագրական բնույթի փոփոխություններ կատարել:
Միակ սկզբունքային առաջարկը վերաբերվում է սահմանամերձ գյուղերի բնակչությանը հողի եւ գույքի հարկից ազատելու խնդրի լուծմանը:
ՀՀ կառավարությունն առաջարկում է բնակչությանը ոչ թե ազատել հարկեր վճարելուց, ինչպես առաջարկում է Նիկոլ Փաշինյանն այլ, որպեսզի հարկերը պետության կողմից փոխհատուցվեն: Այս դեպքում էլ սահմանամերձ գյուղերի բնակիչները հարկեր վճարելուց գործնականում կազատվեն, քանի որ կառավարությունը պարտավորված կլինի նրանց փոխարեն վճարել այդ գումարները:
Գործադիրը իր առաջարկը բացատրում է այն հանգամանքով, որ փոխհատուցելու դեպքում սահմանամերձ համայնքների բյուջեները չեն տուժի, քանի որ հողի և գույքի հարկերի մի մասը գտնում է տեղական բյուջե: Եթե բնակչությանը պարզապես ազատեն այդ հարկերը վճարելուց, ապա համայնքների բյուջեները եւս դրանից կտուժեն: Իսկ կառավարության կողմից փոխհատուցելու դեպքում, համայնքը պետբյուջեից կստանա հարկերի իրեն հասանելի մասը, մնացած մասը պետբյուջեից մի հաշվից կտեղափոխվի մյուս հաշվին, այլ կերպ ասած գումարը կառավարության մի գրպանից կտեղափոխվի մյուսը: