Ճապոնիան որոշել է ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
Ճապոնիայի կառավարությունը սեպտեմբերի 19-ին մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին, «Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, հայտնել են կառավարական անանուն աղբյուրները, պարզաբանելով, թե նոր սահմանափակումները կապված են ուկրաինական ճգնաժամի հետ:
Կայքը, վկայակոչելով ճապոնական մամուլը, հայտնում է, թե պատժամիջոցների նոր փաթեթը ներառելու է 19 կետ: Ընդլայնվելու է, մասնավորապես, ռուսաստանցիների ցանկը, որոնց արգելվելու է Ճապոնիա մուտք գործել, սահմանափակումներ են հաստատվելու ֆինանսական և էներգետիկ սեկտորի նկատմամբ: Բացի այդ, դիտարկվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետաձգումը Ճապոնիա, որը նախապես ծրագրված էր 2014 թ-ի աշնանը:
Հիշեցնենք, Ճապոնիան արդեն պատժամիջոցներ սահմանել էր Ռուսաստանի նկատմամբ դեռևս մարտի 18-ին: Այդ ժամանակ կասեցվել էին վիզային ռեժիմի դյուրացման ռուս-ճապոնական բանակցությունները, ինչպես նաև հետաձգվել էին համատեղ մի շարք նախագծերի իրականացումը: