«Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագծի ներկայացման և ընդունման գործում»
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական օրակարգում էլ Հայաստանն իր ուրույն տեղն ունի՝ դատելով այս տարվա ընթացքում Հայաստան և Արցախ իրականացված և իրականացվող այցելություններից: Գալուստ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև պատմամշակութային կապերը և Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-ֆրանսիական կապերը երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կայուն զարգացում են ապրել, և այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններին բնորոշ են քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական մակարդակով հաստատված արդյունավետ համագործակցությունը, մշակութային, կրթական, գիտական սերտ առնչությունները:
Խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ բարձրաստիճան քաղաքական երկխոսության կայուն դինամիկան ապահովվում է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցերով, իսկ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին կատարած պետական այցը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դրա ժխտումը դատապարտելու գործում նրա հանձնառությունները նոր լիցք կհաղորդեն հայ-ֆրանսիական հարաբերություններին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը: Նա, բարձր գնահատելով բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը, հույս է հայտնել, որ այդ խմբերը, լավագույնս օգտագործելով միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, կշարունակեն իրենց ծանրակշիռ նպաստը բերել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու սերտացմանը:
Գալուստ Սահակյանն առանձնահատուկ գոհունակությամբ նշել է, որ 2013 թվականի մարտի 19-ին ֆրանսիայի ԱԺ և Սենատի մի խումբ պատգամավորների և նախկին խորհրդարանականների մասնակցությամբ ստեղծվել է «Արցախի հետ բարեկամության շրջանակ»:
Նա ողջունելի է համարել բազմաթիվ ֆրանսիացի խորհրդարանականների հաճախակի այցելությունները Արցախ, այդ թվում նաև պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Կալտենբախի: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ յուրաքանչյուր նման այց կարևոր է, քանի որ Արցախ այցելած ամեն պատվիրակություն կամ անձ հնարավորություն ունի անձամբ համոզվելու, որ Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիան, հավատարիմ մնալով իր դավանած արժեքային համակարգին և սկզբունքներին, իր նպաստը կբերի Արցախի ժողովրդի արդարության և ազատության համար մղվող պայքարին: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել նաև, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր, իրավաբանորեն անխոցելի օրինագծի ներկայացման և ընդունման գործում՝ հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահի հանձնառությունն ու հաստատակամությունն այս ուղղությամբ, քանզի այդ օրենքի նախագիծը հարիր է Ֆրանսիայի կերպարին, և արդարության համար պայքարում կունենա իր զգալի դերակատարությունը:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահին բարեկամական խմբի բոլոր անդամների ողջույնները և շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա փաստել է, որ հայ-ֆրանսիական կապերը գնում են դեպի երկու ժողովուրդների պատմության խորքերը. Ֆրանսիայի համար բոլոր ճակատագրական պահերին հայերը եղել են ֆրանսիացիների կողքին, պայքարել նրանց հետ միասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող նոր օրինագծի ստեղծմանը և ընդունմանը՝ պարոն Կալտենբախը նշել է, որ միջազգային հանրության ճնշման ներքո Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի իրադարձությունները չկրկնվեն: Ֆիլիպ Կալտենբախը, խոսելով Արցախի մասին, նշել է, մոտ 20 տարի բոլորը սպասում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, և այդ ենթատեքստում կարևոր է տարածաշրջանում խաղաղության վերականգնումը: Նա նշել է, որ 2002 թվականին եղել է Արցախում և այժմ էլ ցանկություն ունի կրկին այնտեղ լինելու ու Արցախի ժողովրդին ապացուցելու իր հավատարմությունը: Ֆիլիպ Կալտենբախը նշել է, որ պատվիրակությունը եկել է Հայաստան՝ ավելի ամրապնդելու և սերտացնելու երկու երկրների բարեկամական կապերը:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությունը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ ծանոթանալով Մեծ եղեռնի անհերքելի փաստը վկայող ցուցանմուշներին: