ԱՄՆ-ն առաջին օդային հարվածն է իրականացրել Սիրիայում իսլամիստների դիրքերի ուղղությամբ
ԱՄՆ-ն և Ծոցի արաբական մի քանի երկրներ առաջին օդային հարվածն են իրականացրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Ես կարող եմ հաստատել, որ ամերիկացի զինվորականները և նրանց գործընկերների զինված ուժերը ռազմական գործողություն են ծավալել Սիրիայում Իսլամական պետության տարածքում` օգտագործելով կործանիչներ, ռումբեր և Tomahawk տեսակի հրթիռներ»,-ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ փոխծովակալ Ջոն Կիրբին:
«Հաշվի առնելով, որ գործողությունները շարունակվում են, մենք չենք կարող այլ մանրամասներ ներկայացնել»,-ավելացրել է նա:
Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, ով չի ցանկացել ներկայանալ, գործակալությանը փոխանցել է, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանը և Բահրեյնը նույնպես ընդգրկված են այդ գործողությունների մեջ` թեև որպես այդպիսին իրենց դերակատարումն անհայտ է: Կատարը նույնպես մասնակցում է օդայի հարվածներին:
Որպես թիրախ ընտրված է Ռաքքա քաղաքը` Իսլամական պետության այսպես կոչված մայրաքաղաքը, որտեղ ծայրահեղականները գրավել են մեծ տարածքներ ու հռչակել խալիֆայություն:
Իր հերթին Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչին տեղեկացրել է, որ օդային հարվածներն իրականացվելու են միայն Ռաքքայում, որը գտնվում է Դամասկոսից 400 կմ հյուսիս-արևելք: