Վրաստանի նախագահն ու վարչապետն այժմ չեն կիսում Դավոս մեկնելու իրավունքը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու շվեյցարական Դավոսում անցկացվելիք ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումին: Այս մասին, ըստ «apsny.ge» կայքի, հաղորդագրություն է տարածել նախագահի մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն, Մարգվելաշվիլին ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել ֆորումի հիմնադիր պրոֆեսոր Կլաուս Շվաբայի կողմից:
Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից շատ չանցած Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, թե վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հրավեր է ստացել մասնակցելու Դավոսի ֆորումին և վերջինիս մասնակցությունն արդեն հաստատված է: Այս մասին Փանջիկիձեն հայտարարել է կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Ես տեղյակ չեմ, թե նախագահը ինչ զրույցներ է ունեցել Թուրքիայում: Տեղյակ եմ միայն, որ վարչապետը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու հրավեր ստացել է դեռևս մայիսի 14-ին և նրա մասնակցությունն արդեն վաղուց հաստատված է»,-ասել է ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, միջազգային այցելություններին վրացական պատվիրակությունը գլխավորելու հարցը կառավարության և նախագահի միջև խորը հակասությունների առիթ էր հանդիսացել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի բացման ժամանակ ևս, երբ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը հայտարարում էին, թե իրենք են մեկնելու Նյու-Յորք: Արդյոնքում նախագահ Մարգվելաշվիլին հայտարարեց, թե իր այցը Միացյալ Նահանգներ տապալվել է, և ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի նստաշրջանի բացմանը Վրաստանի պատվիրակությունը գլխավորեց վարչապետ Գարիբաշվիլին: