Հայոց ցեղասպանության թանգարանի նմուշներ կցուցադրվեն Լատվիայում
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը այսօր հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի և Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Այս մասին հայտնում է ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ համագործակցությունը և երկկողմ ձևաչափով, և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում: Նա շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը և ընդգծել, որ Լատվիան այդ հարցում կարող է արդյունավետ կամուրջ լինել:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը կարևորել է Հայոց ցեղասպանության թանգարանի նմուշների ցուցադրության կազմակերպումը Լատվիայում, ինչը հնարավորություն կտա լատվիացի հանրությանը ավելի լավ ծանոթանալու հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը:
Հյուրերը նշել են, որ չնայած Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, այնուամենայնիվ իրենց նպատակն է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ հետագա համագործակցության եզրեր գտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Լատվիայում առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին