Հավանաբար Հ1-ի հաղորդումները նայելու համար են ՀՀԿ-ականները այդքան շտապ լքում դահլիճը. Ա.Արզումանյան
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ենթադրում է, թե ինչու են ՀՀԿ-ական պատգամավորները հապշտապ գրանցվում ու լքում դահլիճը. «Այստեղ հնչած ելույթներից ես հասկացա, որ պատգամավորները լավ ծանոթ են հանրայինի ծրագրերին ու հավանաբար Հանրային հեռուստաընկերության հաղորդումները նայելու համար են քաղաքական մեծամասնության պատգամավորները այդքան շտապ լքում դահլիճը»:
Շարունակելով ելույթը` արդեն Հանրային հեռուստաընկերության գործունեությանը նվիրված, Ա.Արզումանյանը նկատեց, որ թեև չի նայում հեռուստատեսություն, բայց վստահ է, որ Ռուբեն Ջաղինյանի օրոք այն դեպի դրականն է փոխվել` հաշվի առնելով նրա անձնական հատկանիշները: Բայց դժգոհություն այդուհանդերձ արտահայտեց:
«Այստեղ հնչեց, որ քաղաքական ընդդիմադիր գործիչներին ձայն չի տրվում: Այո, նման բան իսկապես կա, եղել են դեպքեր, երբ մարտի մեկից հետո մեկուկես տարի ես ու իմ գործընկերները վարկաբեկվել ենք Հ1-ով, վարկաբեկելուց հետո էլ տարիներ շարունակ մեզանից որևէ մեկս չի կարողացել գալ ու հայտնել իր տեսակետը: Ակնկալում եմ, որ այդ առումով կսպասարկեք հանրային շահը, որը ենթադրում է ողջ սպեկտրի ներկայացում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Վերջինս նաև հավելեց, որ, իհարկե, հնարավոր է այս կամ այն պատճառով անտեսվում է որևէ գործիչ , բայց այդ դեպքում «ոչ լավ, ոչ վատ» սկզբունքը պետք է կիրառվի և ոչ երբեք միակողմանի ներկայացումը: