Պենտագոն. Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են վերանայել վերջին 70 տարիներին ձևավորված աշխարհակարգը
Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են վերանայել այն աշխարհակարգը, որը ձևավորվել է վերջին 70 տարիներին, սակայն պետք է գիտակցեն, որ ԱՄՆ-ը կարող է պատասխանել իր դաշնակիցներին սպառնացող վտանգներին ռազմական մեթոդներով: «Իտառ-Տասս» գործակալության հաղորդմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պաշտպանության գերատեսչության փոխնախարար Բոբ Ուորկը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհրդում:
«Նախ՝ ակնհայտ է, որ այդ երկու պետությունները (Ռուսաստանն ու Չինաստանը – խմբ.) ամրապնդում են իրենց դիրքերը սեփական սահմանների մոտ: Եվ դա այն հարցն է, որը մոտակա տարիներին Միացյալ Նահանգների ուսումնասիրության կարիքն ունի, պարզելու, թե որ տարածաշրջաններն են նրանք համարում իրենց համար կենսական նշանակություն ունեցող»,- ասել է Ուորկը:
Նրա խոսքերով, Վաշինգտոնը պետք է համոզվի, որ Մոսկվայի և Պեկինի մտադրություններում չկա ուժի կիրառման տարբերակը, ինչը «կարող է Միացյալ Նահանգներին ևս ստիպել պատասխան ուժ կիրառելուն»:
«Մենք պետք է պարզենք դա և համոզված լինենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը անվտանգ են զգում իրենց տարածաշրջաններում» ,- ասել է Ուորկը:
Փոխնախարարը կարծիք է հայտնել, թե «այդ երկու պետությունները համարում են, որ անհրաժեշտ է ու կցանկանային փոխել վերջին 70 տարիներին ձևավորված աշխարհակարգի որոշ բաղադրիչներ: Դա ԱՄՆ-ի համակ ուշադրությունն է պահանջում», - ասել է նա: