Վալերի Ամոսը ՄԱԿ ԱԽ-ին պատմել է Սիրիայում իսլամիստների վայրագությունների մասին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի` մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը ԱԽ-ին տեղեկացրել է Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի մասին: Նա հայտնել է, որ հակամարտության արդյունքում այս երկրում սպանվել է ավելի քան 190 հազար մարդ: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
Ամոսը հայտարարել է, որ հակամարտության բոլոր կողմերը կոպիտ խախտում են մարդու ու միջազգային հումանիտար իրավունքի հիմնական սկզբունքները: Նա բոլորի ուշադրությունն է հրավիրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» անդամների վայրագ գործողությունների վրա:
«Լուրեր են գալիս, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող շրջաններում գրոհայինները գլխատում են մարդկանց, զանգվածաբար սպանում, բռնաբարում կանանց և աղջիկներին: Չափազանց անհանգստացնող տեղեկություն կա, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» շարքերը համալրվում են նոր մարդկանցով»,-ասել է Ամոսը` նշելով, որ վերջին երկու շաբաթում ջիհադիստները իրենց դիրքերն են ամրապնդել Հալեպի հյուսիսում, որը ստիպել է 160 հազար մարդու` հիմնականում կանանց և երեխաների, մի քանի օրում փախչել Թուրքիա:
Բան Կի Մունի տեղակալի խոսքով, մարդիկ այն աստիճան են վախեցած, որ ապաստան փնտրելիս վազել են ականապատ դաշտի միջով:
Ամոսը ԱԽ-ի անդամներին նախազգուշացրել է, որ հարևան երկրներ փախչող սիրիացիների հոսքը չի նվազի, եթե «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» շարունակի իր դիրքերն ամրապնդի երկրում:
«Բռնությունների մասշտաբներն աճում են, իսկ հումանիտար օգնության ծավալները` կրճատվում: Հակամարտության կողմերը շարունակում են արգելափակել օգնության տրամադրումն այն շրջաններում, որոնք գտնվում են իրենց վերահսկողության տակ»,-հայտարարել է Ամոսը`նշելով, որ հատկապես դժվար է առաջին անհրաժեշտության իրեր մատակարարել այն շրջաններ, որոնք գտնվում են ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ:
«Չնայած վտանգին` ՄԱԿ հումանիտար հաստատությունները և իրենց գործընկերները շարունակում են օգնել միլիոնավոր կարիքավորների: Միայն անցած ամիս Պարենի համաշխարհային ծրագիրը 4 մլն մարդու մատակարարել է սննդամքերթ: 16.5 մլն սիրիացի Մանկական հիմնադրամի աջակցությամբ մաքուր ջուր է ստացել: Ավելի քան 400 հազար մարդ ապահովվել է առաջին անհրաժեշտությնա իրերով»,-ավելացրել է ՄԱԿ ներկայացուցիչը:
Նրա խոսքով, Սիրիայում հումանիտար օգնության կարիքը շատ խիստ զգացվում է: Ավելի քան 3 մլն սիրիացի որպես փախստական գրացված է հարևան երկրներում, 6.4 մլն-ը ներքին տեղահանվածներ են: Ընդհանուր առմամբ, երկրի ներսում 11 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի: 3 մլն դպրոցահասակ երեխա զրկված է սովորելու հնարավորությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ