Անդրեասյան-Սահակյան-Շարմազանով. Եռակողմ բանավեճ ԱԺ-ում` գլխավոր դատախազի թեմայով
«Պարոն Անդրեասյան, ձեր խոսքից այստեղ ստացվում է, որ մենք ձեզ պետք է պաշտպանենք: Այսինքն` դուք մարդու իրավունքների պաշտպանն եք, բայց մենք ձեզ պետք է պաշտպանենք որոշակի մարմիններից, անձանցից»,- մինչ հարցին անցնելը ԱԺ-ում իր իսկ բնորոշմամբ «իմիջիայլոց» հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը` դիմելով ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին: Հ.Սահակյանը իր խոսքում մասնավորապես ասաց, որ իր համար ընդունելի չեն ՄԻՊ-ի որոշ որակումներն ու գնահատականները, այն է` այս թիվը զավեշտալի է և այլն:
Նշենք, որ եռակողմ բանավեճը Կ.Անդրեասյանի, Հ.Սահակյանի և Է.Շարմազանովի միջև, որը կներկայացնենք ստորև, ծագեց ՄԻ պաշտպանի այն հայտարարությունից, թե, մեջբերում ենք. «Գլխավոր դատախազը հարձակում է իրականացնում իմ նկատմամբ»:
Այս կապակցությամբ կարճ ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ որևէ պատգամավոր, լինի դա ընդդիմադիր, թե իշխանամետ, իրեն թույլ չի տալիս նման արտահայտություններ անել ու «զավեշտալի է» պիտակ կպցնել:
«Իմ համար ձեր այդ հայտարարությունը զավեշտալի է, որովհետև ես նման բան չեմ լսել: Եթե նման բան լիներ ու ես լսած չլինեի, գոնե ընդդիմադիր հատվածը այդ մասին կասեր… ես խնդրում եմ գնահատականների մեջ մեկս մյուսին հարգենք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, ապա հղում անելով մինչ այդ ՄԻ պաշտպանի ելույթին, որում վերջինս նշեց, որ անցած տարի ոստիկանության տարբեր բաժանմունքներում բռնությունների մասին վկայակոչող 363 դեպքերից միայն 12-ի դեպքում է հարուցվել քրեական գործ, Հ.Սահակյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ հաշվի չեք առել, որ այդ մնացած դեպքերով հիմքերը բավարար չեն եղել քրգործ հարուցելու համար:
«Այս թվերն են, որ առանձին դեպքերում ծնում են հանրային անվստահությունը պետական մարմինների նկատմամբ: Եվ ես կուզեի, որ փոխարենն այստեղ պաշտպանեի իմ կառույցը կամ իմ գրած թիվը , մի անգամ էլ, պարոն Սահակյան, դուք պաշտպանեիք մեր այդ թիվը ուղղակի հարց հնչեցնելով` իսկապե՞ս այդ 300-ից ավելիի մեջ 12-ը իրատեսական թիվ է, թե ոչ»,- արձագանքեց Կ.Անդրեասյանը:
Նա նշեց, որ եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիները համատարած դժգոհում եմ դատական ապօրինությունների վերաբերյալ և գլխավոր դատախազը մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է ընդամենը մեկ դեպք դրա մասին.
«Դատախազին ներկայացվում են տասնյակ դեպքեր ոչ թե իմ, այլ քաղաքացիների կողմից, բայց դրանք բոլորը անարժանահավատ են: Եվ եթե նույնիսկ իմ խոսքը ձեզ արժանահավատ չի թվում, բայց ներկայացված 200-ի միջից գոնե հինգն է արժանահավատ` դրանից խոսենք: Ի դեպ, ինձ քննադատելուց էլ երբեք չեմ վախեցել ու չեմ զլացել, նույնիսկ տեղ-տեղ դա հաճելի և օգտակար է… բայց լավ կլինի, որ ինձ քննադատելու հետ միասին` միասին, ոչ թե փոխարեն, մեկ-մեկ էլ քննադատենք այն մարմիններին, որոնք ծնում են մարդու իրավունքների խնդիրներ, որովհետև ես դրանք չեմ ծնում, այլ ընդամենը դրանց մասին խոսում եմ»,- շեշտեց ՄԻ պաշտպանը:
Մինչ Հ.Սահակյանին արձագանքելու հնարավորություն տալը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ հայտարարությամբ:
«ՀՀ որևէ իշխանություն խնդիր չի դրել և չի կարող դնել մարդու իրավունքների պաշտպանին լռեցնելու կամ ահաբեկելու: Սա իմիջիայլոց ու ընդունեք ի գիտություն»,- ասաց նա ու խոսքը փոխանցեց պատգամավոր գործընկերոջը:
Հ.Սահակյանն էլ ասաց, թե երբ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում կներկայացնի իր զեկույցը պատգամավորները անպայման այդ հարցադրումները կհնչեցնեն:
«Շնորհակալություն»,- արձագանքեց Կ.Անդրեասյանը, իսկ Հ.Սահակյանն էլ շարունակեց. «Դուք այդ որակումները տալու Սահմանադրական կամ քրեադատավարական իրավունքը չունեք, որովհետև վերջինով սահմանված որևէ հարթության մեջ չեք տեղավորվում: Դուք ընդամենը կարող եք վեր հանել խախտված իրավունքը»:
Իր հերթին Կ.Ադնրեասյանը պատգամավորին մատնանշեց, որ իր պատկերացումները վերջին ատյանի ճշմարտությունները չեն և հորդորեց. «Բարի եղեք իմանալ, որ ավարտված գործերով ՄԻՊ-ը իրավունք ունի քրեական գործերում որոշակի գնահատականներ հնչեցնել ավարտված գործերով, ինչը ես արել եմ: Եվ դրանք նաև ունենում են գնահատողական բնույթ, հետևաբար եթե ես գնահատական եմ հնչեցնում, այն պետք է ունենա նաև գնահատողական որակումներ: Խնդրում եմ նաև բարի եղեք ու ցուցումներ մարդու իրավունքների պաշտպանին մի տվեք, որովհետև իսկապես գիտեմ, որ ոչ մի պետական կառույց չի փորձում ինձ լռեցնել , բայց նաև ոչ մի պետական կառույց իրավունք չունի ինձ ցուցումներ տալ: Դա իմ Սահմանադրական ընտրության երաշխիքն է, ես էլ հարգում եմ բոլոր պատգամավորների և քննադատությունները, և հարցերը»:
Հարակից հրապարակում`
Ի՞նչ է ուզում ՄԻՊ-ը, որ Ազգային Ժողովը պահանջի գլխավոր դատախազից