ՀՅԴ. Կառավարման խորհրդարանական մոդելին անցնելով` մենք կկանխենք իշխանությունների վերարտադրությունը
«Մենք բազմիցս ասել ենք, որ կողմ ենք կառավարման խորհրդարանական մոդելին և միայն այդ դեպքում կարող ենք երկրում իրավիճակ փոխել: Կառավարման խորհրդարանական մոդելին անցնելով` մենք ոչ թե կնպաստենք իշխանությունների վերարտադրմանը, այլ կկարողանանք կանխել դա»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ իր անհամաձայնությունը հայտնելով այն կարծիքներին, թե սահմանադրական բարեփոխումներին կողմ քաղաքական ուժերը նպաստում են իշխանությունների վերարտադրմանը:
Նրա դիտարկմամբ, իշխանությունների վերարտադրմանը նպաստում են հենց այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին:
«Վերարտադրություն բառն էլ արդեն եթերային եք դարձրել: Հայաստանում երեք նախագահ է փոխվել, սակայն ես կարող եմ ասել, որ Հայաստանում 23 տարի իշխանությունները վերարտադրվել են. ոչ մի ընտրության արդյունքում մեր երկրում իշխանություն չի փոխվել և սրան վերջ տալու համար մենք պետք է անցնեք կառավարման խորհրդարանական մոդելին, և միայն այս դեպքում մենք կկարողանանք հասնել նրան, որ երկրում ընտրությունների արդյունքում իշխանություն փոխվի»,- ասաց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանը նաև չհամաձայնվեց այն դիտարկման հետ, թե ՀՅԴ-ն մենակ է մնացել. «Մենակ է մնացել ՀԱԿ-ը, որն ի սկզբանե դեմ է եղել կառավարման խորհրդարանական մոդելին»:
Ըստ նրա, բացի ՀԱԿ-ից, մնացած քաղաքական ուժերը 2013թ. ընտրություններից առաջ կողմ էին սահմանադրական բարեփոխումներին և կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն հիմա, չգիտես ինչու, դեմ են արտահայտվում:
«Այդ ինչպե՞ս է, որ այն ժամանակ, երբ իրենք կողմ էին սահմանադրական բարեփոխումներին, չէին նպաստում իշխանությունների վերարտադրմանը, իսկ հիմա մենք, կողմ լինելով այդ բարեփոխումներին, նպաստում ենք: Այս պահվածն անընդունելի է»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը: