ԻԻՀ ԱԳ փոխնախարար. Եթե հակառակ կողմը բարի կամք դրսևորի, ապա միջուկային խնդրի շուրջ հնարավոր է հասնել համաձայնության
«Իրանի միջուկային խնդրի շուրջ կողմերի միջև դեռևս առկա են տարաձայնություններ»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի ԱԳ փոխնախարարը, անդրադառնալով Իրանի և «5+1 խմբի» միջև միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքին և հնարավոր համաձայնությանը, մասնավորապես նշել է. «Եթե հակառակ կողմը բարի կամք դրսևորի և մի քիչ էլ ուշադրություն դարձնի Իրանի առաջ քաշած գաղափարներին, ապա միջուկային խնդրի շուրջ հնարավոր է հասնել համաձայնության»:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի միջուկային խնդրի շուրջ Վիեննայում Իրանի, ԱՄՆ-ի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ տեղի ունեցան հերթական բանակցությունները, որոնց ավարտին կողմերն այդպես էլ չեկան որևէ լուրջ համաձայնության: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ միջուկային խնդրի հարցով նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա մի 3-4 շաբաթ անց:
Հավելենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը: