Ս. Դեմիրճյան. Հայաստանում երկու տեսակի արդարադատություն կա (տեսանյութ)
«Բայց ո՞վ է հավատում, որ «Մարտի 1»-ի ոճրագործությունը հնարավոր չէ բացահայտել: Դա պետք է վաղուց արված լիներ, սակայն առ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել Երևանի կենտրոնում կատարված սպանությունների համար: Հետևությունը մեկն է՝ ամեն ինչ արվել ու արվում է «Մարտի 1»-ի ոճրագործությունը կոծկելու համար»,- Ազգային ժողովի նիստի ընթացքում ՄԻՊ 2013թ. զեկույցի քննարկումների ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը:
Նա խոսեց դատական համակարգում տիրող ապօրինությունների, անարդար դատավարությունների մասին:
«Այս խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել էր նաև 2012 թվականի տարեկան զեկույցում, սակայն որևէ դրական տեղաշարժ այդ համակարգում չենք կարող արձանագրել: Քաղաքացիները չեն վստահում դատական համակարգին: Ինչպե՞ս կարող են վստահել, երբ ոմանք անձեռնմխելի են, մարդասպանության համար չեն դատապարտվում: Երկրում կա երկու տեսակի արդարադատություն՝ սովորական մահկանացումների և մեծահարուստների ու իշխանավորների համար: Քաղաքական շարժառիթներով անարդար դատավճիռներ են կայացվում»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, Ս. Դեմիրճյանն ասաց, որ 2005 թ. կեղծիքներով իրականացված սահմանադրական փոփոխություններից հետո էլ ընտրությունների որակը չի փոխվել, դատական համակարգը չի դարձել ավելի անկախ, ոչ էլ մարդիկ են իրենց ավելի պաշտպանված զգում իրենց սեփական հայերնիքում:
«Անհրաժեշտ են իրական փոփոխություններ, ոչ թե արհեստական օրակարգ»,- ասաց Ստեփան Դեմիճյանը: