Ընդդիմությա՞ն, թե՞ կառավարության ներկայացրած արտահերթ հարցերն են առաջնային (տեսանյութ)
Այսօր ԱԺ քառօրյա նիստի սկզբում քառօրյայի օրակարգը քննարկելիս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ընդդիմությունը ներկայացրել է արտահերթ քննարկման համար երկու հարց` կառավարման ճգնաժամի ու Ընտրական օրենսգրքի փոփոխության ընթացակարգերի մասին: Նա նշեց, որ կառավարությունը ևս 4 հարց է ներկայացրել արտահերթ քննարկման, ապա դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ասաց, որ ընդդիմության ներկայացրած արտահերթ հարցերը պետք է ունենան առաջնայնություն կառավարության ներկայացրած արտահերթ հարցերի նկատմամբ:
Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ իր լիազորություններին շատ լավ է տիրապետում. «Թույլ տվեք ասել, որ ես լավ գիտեմ, թե որ հարցն է առաջնային, որը` ոչ»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ ընդդիմությունը կառավարման ճգնաժամի մասին արտահերթ քննարկման նախաձեռնություն է ներկայացրել, որովհետև հոկտեմբերի 10-ին հանրահավաքին հավաքված ժողովուրդը փաստել է, որ կա կառավարման ճգնաժամ երկրի բոլոր ոլորտներում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ իրենք արտահերթի մասին տեղյակ չեն եղել մինչև այս պահը և ծանոթ էլ չեն քննարկվելիք նախագծերին, քանի որ ընդդիմության ներկայացուցիչների կողմից որևէ բան չեն ստացել:
«Մենք հասկանում ենք, որ արտահերթ նիստ հրավիրելը ձեզ համար այդքան կարևոր չէ: Դուք պարզապես ուզում եք մեկ անգամ ևս օգտագործել և շոու սարքել»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: