ԲՀԿ-ական. Շուտով լինելու են բազմաթիվ հրաժարականներ
Հոկտեմբերի 24-ին մարդիկ գալու են ասելու ոչ ներկա իշխանությանը, ներկա մթնոլորտին: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական Վահան Բաբայանը: Նա նաև քաղաքագիտությանն ու տերմինաբանությանը դիմեց, որպեսզի բացատրի պատգամավորներին, թե ինչ ասել է իշխանափոխություն: Ըստ Վ.Բաբայանի` «իշխանափոխության իրականացման համար դասական երեք կետեր գոյություն ունեն»:
«Առաջին` վերևները չեն կարողանում կառավարել այնպես, ինչպես կառավարել են: Երկրորդը` ներքևները չեն կարողանում ապրել այնպես, ինչպես ապրել են և երրորդը դիտվում է ժողովրդական զանգվածների ակտիվություն: Այսօր բոլորդ տեսնում եք, որ իհարկե վերևները չեն կարողանում կառավարել այնպես, ինչպես կառավարել են: Եվ ակնհայտ է, որ շուտով լինելու են բազմաթիվ հրաժարականներ»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նա հավաստիացրեց, որ այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում, նույնը կրկնապատկված կատարվելու է հոկտեմբերի 24-ի հանրահավաքում: Իսկ որոշ վստահ անձանց էլ փոխանցեց. «Ոչ ոք չէր հավատում նախկին խորհրդային միության տարածքում, որ Շևարնաձեն , Ակաևը կամ ինչու չէ` Վիկտոր Յանուկովիչը չեն հեռանալու: Եվ այդ կասկածները փարատվեցին այն ժամանակ, երբ մենք բոլորս տեսանք, որ հիշյալ մարդիկ լքեցին իրենց իշխանական աթոռները և տեղի ունեցավ փոփոխություն: Եվ վերջում կուզենայի խորհուրդ տալ այդ նույն վստահ մարդկանց, որ հոկտեմբերի 24-ին ականջալուր լինեն ինչ է վանկարկում մեր ժողովուրդը Ազատության հրապարակում»