Չեմ կարծում, թե Ա.Ռուստամյանի հայտարարությունը կոնկրետ եռյակին էր վերաբերում. Թ.Պողոսյան
«Ինձ չի թվում, թե Արմեն Ռուստամյանի հայտարարությունը կոնկրետ եռյակին էր վերաբերում. վերաբերում էր նրանց, ովքեր չեն ցանկանում կարդալ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը»,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք իրեն չի վիրավորել ՀՅԴ-ականի երեկվա հայտարարությունը` ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, նախօրեին հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավարը , անդրադառնալով հայեցակարգին, մասնավորապես հայտարարել էր. «Միջազգային փորձը աչքի առաջ ունենալով` անգրագիտություն կամ կանխամտածված վնասարարություն է պետականության կայացման գործում արհամարհել կամ նսեմացնել Սահմանադրական զարգացումների անհրաժեշտությունը: Այս ճանապարհով են պետություն դառնում, այս ճանապարհով է աշխարհը զարգանում և սա չընկալելը ավելի դիպուկ, քան աշուղ Ջիվանին է բնորոշել դժվար է: Ասում է մարդը. «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ»»:
Թ.Պողոսյանը պնդեց, որ դիտարկումը իրենց չէր վերաբերում, այլ նրանց, ովքեր չեն ուզում նույնիսկ կարդալ հայեցակարգը. «Մարդիկ ունեն իրենց դեմ կարծիքը: Ընդհանրապես չի կարելի, երբ մարդը դեմ է նրան ինչ-որ անվանումներ տալ, պետք է հարգել ցանկացած կարծիք: Իսկ ցանկացած մարդու հանդեպ ունեցած հարգանքը թույլ չի տալիս նրա կարծիքը պիտակավորել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ցավոք այսօր Ազգային Ժողովում կա այդ խնդիրը:
Հարցին, թե արդյո՞ք կոռեկտ է նման արտահայտություններ անել այն ուժերին նկատի ունենալով, ում հետ դեռ վերջերս միասնական օրակագ էին մշակում, Թ.Պողոսյանն ասաց, որ ամենքն իր ձևն է ընտրում և ինչպես ժողովուրդն է ասում՝ ով ինչ անի, իրեն կանի:
«Բայց կյանքը ցույց է տալիս, որ շատ ժամանակ սկսում են համագործակցել այնպիսի մարդիկ, ինչը ժամանակին պատկերացնել նույնիսկ հնարավոր չէր: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Դաշնակցությունը: Բայց այսօր նրանք միասին նստում են, համագործակցում, մարդիկ են եղել, որոնք կոալիցիայում են եղել: Եթե կողքից նայում ես, իսկ ես նոր մարդ եմ այստեղ, թե այդ մարդիկ նախկինում իրար հասցեի ինչեր էին ասում, հիմա արդեն նստում ու համագործակցում՝ ինձ այլևս ոչինչ չի զարմացնում»,-հավելեց մեր զրուցակիցը:
Հարակից հրապարակում՝
Ա.Ռուստամյանը` եռյակին. Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ