Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, Ելիսեյան պալատում
Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Ելիսեյան պալատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:
« Նպատակն է՝ ապահովել կողմերի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում երկու ամիս առաջ արձանագրված լարվածությունից հետո»,- գրել է գործակալությունը:
Բացի եռակողմ հանդիպումից՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նաև առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
Գագաթաժողովի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահների հետ:
Աղբյուրի փոխանցմամբ`սպասվում է, որ երեք երկրի առաջնորդների համար կտրվի ճաշ, որի ընթացքում նախատեսված է քննարկում Կովկասի ապագայի առավել լայն թեմաների շուրջ: