«Գերմանիան կարևորում է Հայաստանի համակողմանի համագործակցության ընդլայնումը»
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասել է. «Ուրախ եմ Երևանում ողջունել հին բարեկամի, որի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Վերջին մեր հանդիպումը հունիս ամսին էր՝ Բեռլին իմ այցելության ընթացքում: Մեր հանդիպումների շարքը սկսել ենք դեռ 2008թ. հունիսին։ Հայ-գերմանական հարաբերությունները վերջին երկու տասնամյակի ընթացքում շարունակական զարգացում են ապրել։ Եվ առանձնահատուկ գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ դրանք նոր դինամիկա են ստացել վերջին տարիների ընթացքում, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և փոխայցելություններով»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդուելության համար` նախարար Շտայնմայերը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի համակողմանի համագործակցության ընդլայնումը և ինքը հենց այդ ուղերձով է ժամանել Երևան։
Նախարարները հանգամանալից քննարկել են տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գործընկերության հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ։
Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական կանոնավոր երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտը, միջխորհրդարանական համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային, գիտա-կրթական, ռազմական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը շարունակաբար զարգացել և ամրապնդվել են:
Երկկողմ առևտրատնտեսական կապերի քննարկման ժամանակ նախարարները համակարծիք են եղել, որ այս հարցում մեծ նպաստ են բերում հայ-գերմանական գործարար համաժողովները, որոնք պարբերանար կազմակերվում են մեր երկրների գործարար համայնքների միջև: Այս առումով կարևորվել է հոկտեմբերի 13-ին Երևանում անցկացված հայ-գերմանական գործարար հանդիպումը` գերմանացի գործարարների տարածաշրջանային տնտեսական առաքելության շրջանակներում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, դրանց իրավական նոր հիմք ստեղծելուն ուղղված աշխատաքներին։
Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ներկացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ մինիսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ թեմաների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, անդրադարձան իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: