Էդուարդ Շարմազանով. Առաջընթացը բացառապես կախված է Ադրբեջանի դիրքորոշումից
«Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից առաջ ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և հակամարտությունը բացառապես պետք է ունենա խաղաղ լուծում: Առաջընթացը բացառապես կախված է Ադրբեջանի դիրքորոշումից, քանի որ այս տարիների ընթացքում մշտապես ադրբեջանական կողմն է ապակառուցողական դիրքորոշում ցուցադրել է»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո կայացած ասուլիսում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ ադրբեջանական կողմը, ի տարբերություն հայկական, ղարաբաղյան կողմերից, մշտապես խոսել է ռազմական հռետորաբանությամբ, խոսել է խնդրի ռազմական լուծման մասին, որը բնականաբար հակասում է Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններին:
«Թե որքանով կառուցողական կլինի նրանց դիրքորոշումը, այնքան մենք առաջընթաց կարող ենք ակնկալել: Բացի այս, եթե բանակցային գործընթացում ակնկալում ենք լուրջ և կտրուկ առաջընթաց, պետք է գիտակցենք, որ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ուղիղ և անմիջական մասնակցության անհնար է հասնել լուրջ և ռադիկալ առաջընթացի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: