Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան իր մեջ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու ուժ չգտավ
«Հաշտեցման նշաններ, ժեստեր մեր կողմից արվել են: Միջազգային հանրության կողմից էլ նշվել է, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում: Թուրքիան չհարգեց ձեռք բերված պայմանավորվածությունները, չվավերացրեց հայ-թուրքական արձանագրությունները»,- Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով գերմանացի լրագրողի հարցին, թե մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, արդյո՞ք հաշտեցման ինչ-որ նշաններ չեք ակնկալում, միգուցե՞ Գերմանիան էլ որոշ հուշումներ, առաջարկություններ անի:
Է. Նալբանդյանը նշեց, որ դեռ հինգ տարի առաջ են հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել, որը հարաբերությունները կարգավորելու, սահմանները բացելու հնարավորություն էր ընձեռելու. «Թուրքիան իր մեջ դրանք վավերացնելու ուժ չգտավ»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն էլ նշեց, որ իրենք հիշում են, որ 1915 թվականին մեկուկես միլիոն հայ դարձել է մեծ կոտորածի զոհ: Նա նշեց, որ թուրքական կողմից հետ զրույցներում հիշատակում են այն մասին, որ իրենք չեն լռել այն պատասխանատվության մասին, որ կրել են, մոռացության չեն մատնել սարսափելի իրադարձությունները:
«Այնպես չէ, որ ինքնուրույն, պատահաբար ստացվող իրադարձություն է: Հարևաններն էլ պետք է աջակցեն: Մենք պատրաստ ենք օգնողի դերում հանդես գալ, սակայն կա պատրաստակամություն, թե ոչ, մեզանից կախված չէ: Ցանկության առկայությունը թե պատմական առումով, թե գիտական, պետք է այստեղ և Թուքիայում որոշվի»,- ասաց Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Պատասխանելով հարցին, որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մարմարա» համալսարանում անդրադարձել է պատմական իրադարձությունների մասին ուսումնասիրություններ կատարելու կարևորությանը, 1915-ի դեպքերին, ուսումնասիրելու նպատակով կոչ է ուղղել օգտվելու Թուրքիայի գրադարաններից, ուր պարզ պիտի դառնա, թե Ցեղասպանությունը իրագործողները հայերն են և ոչ թե թուրքերը, Է. Նալբանդյանը տարօրինակ բնորոշեց այն փաստը, որ այն նյութերը, որոնք մատանշվում են թուրքական կողմից, տարբերվում են այն նյութերից, որոնք առկա են աշխարհի արխիվներում, գրադարաններում: Նախարարի խոսքով, եթե այդ նյութերի հիման վրա է թուրքական կողմը որոշումներ կայացնում, ապա հենց թուրքական կողմից հռչակված հարևանների հետ զրո պրոբլեմ քաղաքականությունը վերածվում է զրո արդյունքի: