ՀՀ ԱԳ նախարար. Այսօր Ադրբեջանից բազմաթիվ գրոհայիններ այդ խմբավորման շարքերում են
«Ահաբեկչությունը վտանգը սպառնալիք է ներկայացնում բոլորի համար: Ակնհայտ է, որ նրանք, ովքեր աջակցում, սատարում են ահաբեկիչներին, փորձում են օգտագործել ահաբեկիչներին որպես գործիք, այս կամ այն նպատակներով կարող են դառնալ թիրախ նույն ահաբեկիչների կողմից»,- Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ իսլամական ծայրահեղ խմբավորման գործողությունները:
Նախարարը նշեց, որ արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը Աֆղանստանից, այլ վայրերից բազմաթիվ վարձկաններ էր բերել, որոնք սերտ կապեր ունեին ահաբեկչական միջազգային հայտնի կառույցների հետ՝ օգտագործելով նրանց պատերազմում:
«Այսօր Ադրբեջանում ասում են, որ պայքարում են ծայրահեղականների դեմ իրենց երկրում: Չէի մեկնաբանի այդ պայքարի արդյունավետությունը կամ անկեղծության մակարդակը: Ակնհայտ է, որ այսօր էլ Ադրբեջանից բազմաթիվ գրոհայիններ այդ խմբավորման շարքերում են»,- նշեց նախարարը:
Է. Նալբանդյանի խոսքով, պետք է ակնհայտ լինի բոլորի համար, որ ահաբեկչությունը կարող է վերածվել անկառավարելի բումերանգի:
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ հրատապ է, որ միջազգային հանրությունը միավորի ջանքերն ու առավել վճռականությամբ պայքարի ահաբեկչության դեմ»,- ասաց նա:
Լինաս Լինկյավիչուսը նշեց, որ այսպես կոչված իսլամական այդ պետությունը իսլամական կրոնի, արժեքների հետ որևէ կապ չունի: Նա նույնպես անհրաժեշտ համարեց, որ միջազգային կազմակերպությունները միավորված դիրքորոշում մշակեն:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան