Չեմ ուզում, որ եռյակը ձախողի իր ծրագրերում. Ռուստամյան
«Ամեն ինչ պետք է անենք, որ անցյալի սխալները չկրկնենք ու արյուն այս գործընթացի մեջ չլինի: Երկրորդը պետք է այնպես անենք, որ ժողովուրդը չհիասաթփվի. Ես չէի ուզենա, որ իրենք այս իմ ասած հարցերի հետ կապված որևէ ձախողում արձանագրեին, եթե լինի այս իմ ասած երկուսից որևէ մեկը, ապա բոլորս էլ խնդիր ենք ունենալու»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` բացատրելով, որ հիսթափություն ասելով նկատի ունի նաև անցյալի դառը փորձը, երբ անընդհատ ասում են, որ այ էս ժամին եկեք, կտեսնեք ինչ է լինելու, բայց ոչինչ էլ չի լինում:
Նա նշեց, ցանկանում է, որ եռյակն իսկապես չձախողի իր ծրագրերում: Ա.Ռուստամյանի կարծիքով, հաջողության կարելի է հասնել ոչ թե միայն ընդդեմով, որը կարող է նույնիսկ բերել արյունահեղության, այլ նաև հանունով. «Եթե ծրագիրը համակցված լինի այդ երկուսով, ապա հնարավոր է հաջողության հասնել: Ես համարում եմ, որ ամեն դաշտում էլ ողջամիտ մարդիկ կան, իշխանությունում էլ, մնում է միայն վստահելի ծրագիր և համոզիչ ընթացք ներկայացնել»:
Անցած հանրահավաքից հետո հարցեր են մնացել և նա հույս ունի, որ այսօրվա հանրահավաքը կսրբագրի դրանք, եթե ոչ, ապա դրանք կարող են խորանալ. «Լավ սկիզբը կարևոր դեր ունի հետագայի համար, գուցե իրենք որոշել են, որ մի քանի հանրահավաքն է սկիզբը: Բայց որ այդ հանրահավաքը առաջացած ակնկալիքները չբավարարեց` սա ամենաադեկվատ գնահատականն է»: