Ղազախստան-Հայաստան բարեկամության խմբի անդամները՝ ԱԺ-ում
Այսօր ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներին:
Էդուարդ Շարմազանովը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու սերտացումը, ինչին կարող են հատկապես նպաստել բարեկամության խմբերի արդյունավետ համագործակցությունն ու փոխայցերը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը. զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների առեւտրատնտեսական կապերի զարգացմանը եւ համագործակցության նոր հեռանկարներ կբացի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումերին:
Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը նշել է, որ միայն նման ոճրագործությությունների ճանաչումն ու դատապարտումը կարող է կանխել նման իրողությունների հետագա կրկնությունը: ԱԺ փոխնախագահը պատվիրակության անդամներին հրավիրել է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Պատվիրակության անդամները ևս շեշտել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են խաղաղ լուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Հանդիպմանը ներկա եղել Հայաստան-Ղազախստան բարեկամության խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը և Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ