Ջոն Քերի. Իրանը միջուկային ռումբ ստեղծելու չորս ճանապարհ ունի
«Առաջիկայում պարզ կդառնա, Իրանը կարո՞ղ է դժվար որոշում ընդունել, թե ոչ»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերին:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Ես Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ուղիղ բանակցություններ եմ վարում. Հույս ունեմ, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի, սակայն լավատես չեմ: Առաջիկայում պարզ կդառնա, Իրանը կարո՞ղ է դժվար որոշում ընդունել, թե ոչ»:
Շարունակելով խոսքը՝ պետքարտուղար Քերին հավելել է. «Իրանը միջուկային ռումբ ստեղծելու չորս ճանապարհ ունի և մենք բոլոր այդ չորս ճանապարհներն էլ կփակենք. Դրանք են՝ Արաքը (ծանր ջրի ռեակտոր), Նաթանզը, Ֆորդոն և գաղտնի գործողությունները»:
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆխամը նախօրեին, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների արդյունքների վերաբերյալ հրապարակվող հակասական տեղեկություններին, մասնավորապես նշել է. «Մինչ այժմ որևէ հարցի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, միակ համաձայնությունն այն է, որ կողմերը որոշել են «համատեղ քայլերի ծրագրի» շրջանակներում հասնել վերջնական համաձայնության»:
«ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Ալ-Մոնիտոր» կայքին, տեղեկացնում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Օմանում նախատեսվում է Իրանի, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Ջոն Քերի-Մոհամմադ Ջավադ Զարիֆ-Քեթրին Էշթոն եռակողմ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 16-ին՝ Վիեննայում:
Նշենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին