Հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման և փոխվստահության դրսևորումներով
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևանում պաշտոնական այցով գտնվող Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի և Կիպրոսի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, և առկա է երկուստեք պատրաստակամություն՝ դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար:
Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Կիպրոսի խորհրդարանականների և անձամբ Յ. Օմիրուի ներդրումը` հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում:
Յանակիս Օմիրուն իր հերթին ընդգծել է, որ շարունակելու է գործունեությունը` ուղղված Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության առավել սերտացմանը։
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ ակտիվ փոխայցելությունները, այդ թվում` երկրների նախագահների պետական այցերը, փաստում են երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Նրանք համակարծիք են եղել, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման և փոխվստահության դրսևորումներով:
Անդրադարձ է կատարվել խորհրդարանների միջև հաստատված ակտիվ համագործակցությանը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը, որոնք ևս մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:
Յանակիս Օմիրուն և Էդվարդ Նալբանդյանը կարևորել են կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը` երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը: Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Կիպրոսի փոխգործակցությունը: Մտքեր են փոխանակվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։
Կողմերն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին, կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերին: