Աշոտ Մանուչարյան. Հայաստանն ամբողջությամբ գտնվում է արտաքին կառավարման տակ
«Հայաստանի ներքին կյանքը ցավալիորեն թմբիրի մեջ է և այն չի համապատասխանում աշխարհում տեղի ունեցող լուրջ իրադարձություններին: Հայաստանը քնած է, Հայաստանը հոգնած է և այսօր երկրում ստեղծված իրավիճակը անթույատրելի է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա, Վրաստանում հնարավոր է տեղի ունենա պայթյուն, ինչը կարող է ազդել նաև Հայաստանի վրա, քանի որ այդ երկրի տարածքով են անցնում Հայաստանի համար կարևորագույն կոմունիկացիաները:
«Առաջադեմ մարդկությունը Վրաստանին մղում է Ռուսաստանի հետ բախման, իսկ Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է, քանի որ այնտեղ են բնակվում մեր բազմաթիվ հայրենակիցներ»,-նշեց Ա.Մանուչարյանը:
Նրա խոսքով, Վրաստանը չպետք է գնա Ռուսաստանի հետ բախման և չպետք է ենթարկվի արտաքին աշխարհի դրդումներին:
Մանուչարյանի կարծիքով, Հայաստանը կարող է կտրվել, շրջապատվել նաև հյուսիսից, քանի որ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը իրականացնում են Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին նա նշեց, որ Հայաստանն ամբողջությամբ գտնվում է արտաքին կառավարման տակ, քաղաքական կուսակցություններ և բանկային համակարգ գոյություն չունի, իսկ ժողովուրդը դեպորտացվում է երկրից: Նաև հավելեց, որ Հայաստանի քաղաքական ուժերը գտնվում են արտաքին կառավարման ներքո, իսկ այն ինչ տեղի է ունենում երկրի ներսում նման է փոթորկի մի բաժակ ջրում: