Ր. Հովհաննիսյան. Քանի դեռ կան չլուծված խնդիրներ, հնարավոր չէ խոսել միացյալ որոշումների, գրասենյակների մասին
«Հրաշալի է և աննախադեպ, որ մեր ժողովուրդն այսքան պայքարից, ցավերից հիասթափություններից հետո էլի պահանջում է իր իրավունքը, ուզում է փրկել իր ընտանիքը, հայրենիքը, պատրաստ է գալ հրապարակ»,- Հանրային հայտարարության ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա գոհ է, որ կայացել է միացյալ հրապարակ, ինչն արդեն «արժեք է իրենից ներկայացնում»:
«Միաժամանակ պետք է ասեմ, որ հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միացյալ չէ, ուստի և օրակարգն ամբողջական չէ: Հոկտեմբերին եռյակը՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները, Հայ ազգային կոնգրեսը, անցկացրեցին երկու հրապարակային հավաք: Շատ լավ հավաքներ էին, ժողովուրդը լիցքավորվեց: Միաժամանակ մենք պետք է ունենանք տղամարդկություն՝ ասելու համար, որ կան որոշ հարցեր, որոնք մնում են բաց՝ հրապարակային գործունեության շարունակականության, շարժման սկզբունքների հրապարակայնացման, որոշումների կայացման անհրաժեշտության հարցերը: Մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն, չկա հռչակագիր, հուշագիր»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Ըստ նրա, քանի դեռ կան բաց հարցեր, չլուծված խնդիրներ, հնարավոր չէ խոսել միացյալ որոշումների, շարժումների, գրասենյակների, նպատակների մասին. «Մենք հավատում ենք շարժմանը, բայց արդեն ճշմարտության պահը հնչել է, կոչ ենք անում, որ բաց, հրապարակային, ժողովրդին հաշվետու եղանակով հասնենք հետագա գործողությունների վերաբերյալ համաձայնության»:
Նա հույս հայտնեց, որ դեռևս այս ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ միասին կիջնեն հրապարակ ու ժողովրդին կներկայացնեն միասնական առաջարկ: Ր. Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ դեկտեմբերի 5-ին իր անունից բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ՝ քաղաքացիական ժողովի: Նմանատիպ ժողովներ լինելու են նաև Վանաձորում, Գյումրիում: